Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքը Գյումրիում՝ 2026 թվականի առաջին պատրաստությունը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականը 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքը անցկացնում է Գյումրիում, նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին և փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը: Հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:

Հավաքի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը նշեց. «Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, այնուհետև հավաք կունենանք Երևանում, որի ավարտից հետո տեղի կունենա Հայաստանի առաջնությունը: Աշխատանքները կշարունակվեն ևս երեք հավաքներով՝ նախապատրաստվելու համար ապրիլին Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»:

Ազգային թիմի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանն էլ ավելացրեց. «Մարզիկները լավ են տրամադրված և աշխատասեր: Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ դա առաջին հավաքն է: Երկրորդ ուսումնամարզական հավաքի ծրագրում կլինեն փոփոխություններ՝ հաշվի առնելով մոտալուտ Հայաստանի առաջնությունը»:

Գյումրու ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին: