Հայկական ձյուդոյի սպասված հաղթանակը
Հայկական ձյուդոն կրկին բարձրացավ եվրոպական բեմահարթակ։ 23-ամյա Վահե Աղասյանը (60 կգ քաշային կարգ) դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։ Կիշինևում անցկացված մրցաշարում Վահեն հանդես եկավ անթերի՝ հերթով հաղթելով բուլղարացի, իսպանացի, մոլդովացի և բելգիացի մրցակիցներին։ Ֆինալում մեր մարզիկը վստահ առավելությամբ հաղթեց վրացի Մաթե Գոգոբերիշվիլիին՝ նվաճելով ոսկե մեդալը։
Հայաստանի ձյուդոն վերջին տարիներին հազվադեպ էր ուրախացնում նման հաղթանակներով։ Նախորդ նմանատիպ հաջողությունը գրանցվել էր դեռ 2018 թվականին, երբ ռուսական դպրոցի սան Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այդ ֆոնին Վահե Աղասյանի հաջողությունը հատկապես խորհրդանշական է․ սա ընդամենը երկրորդ ոսկե մեդալն է, որը Հայաստանը նվաճում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Առաջինը դեռ 2003-ին էր՝ Արմեն Նազարյանի հաղթանակից հետո, ով հետագայում՝ 2005-ին, դարձավ նաև Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։
Զարմանալի զուգադիպությամբ՝ ինչպես Նազարյանը, այնպես էլ Աղասյանը ծնվել են Հրազդանում։ Վահեն մարզվում է հոր՝ Կարեն Աղասյանի ղեկավարությամբ և ներկայում ուսանում է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում։ Նա այժմ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն և ներկայացնում է Կենտրոնական սպորտային ակումբը (ԿՍԱ)։
Թեև հավաքականի մյուս անդամները Կիշինևում մեդալներ չնվաճեցին, Վահե Աղասյանի հաղթանակը նոր շունչ հաղորդեց հայկական ձյուդոյին։ Կարծես՝ «սառույցը շարժվել է»։

