Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան շարունակելու մտադրության մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզական ապագայի մասին՝ ընդգծելով, որ դեռևս պատրաստ չէ հեռանալ մեծ ֆուտբոլից։ 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ շարունակում է «քաղց» զգալ խաղի նկատմամբ։
«Ինչ վերաբերում է իմ ապագային, տարիքի հետ ավելի դժվար է դառնում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա մնալու և խաղը շարունակելու համար»,- նշել է Մխիթարյանը Radio TV Serie A-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է fcinter1908-ը։
Հայ կիսապաշտպանի խոսքով՝ չնայած տարիների հետ առաջացող դժվարություններին, նա ներդնում է առավելագույն ջանքերը, որպեսզի համապատասխանի եվրոպական թոփ-ակումբների պահանջներին և օգտակար լինի իր թիմին։
Մխիթարյանը նաև հավելել է, որ իր հետագա ճակատագիրը պարզ կդառնա շատ շուտով։ Առաջիկա օրերին նա նախատեսում է հանդիպել և զրուցել «Ինտերի» ղեկավարության հետ, որից հետո միայն կկայացնի վերջնական որոշում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը շարունակում է մնալ միլանյան ակումբի առանցքային խաղացողներից մեկը՝ ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ և պրոֆեսիոնալիզմի բացառիկ օրինակ։

