Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում. հայ շախմատիստների հաջող մեկնարկը
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են պայքարել բարձր հորիզոնականների համար: 5-րդ տուրից հետո գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում է իր տեղը առաջատարների խմբում:
Հայաստանի հավաքականի անդամը 5-րդ տուրում սև ֆիգուրներով մրցեց Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելիի հետ: Լարված պայքարն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այս պահին Հովհաննիսյանն ու Բոնելին վաստակել են 4,5-ական միավոր և 4 այլ շախմատիստների հետ միասին բաժանում են 1-6-րդ տեղերը:
Հաջող են հանդես գալիս նաև մեր մյուս գրոսմայստերները: Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և շարունակում են հետապնդել առաջատարներին:
Եվրոպայի այս տարվա առաջնությունը բավականին ներկայացուցչական է. մրցաշարին մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: Հայաստանը մրցավայր է մեկնել մեծ կազմով՝ 15 ներկայացուցիչով, ինչը ևս մեկ անգամ փաստում է հայկական շախմատային դպրոցի ուժն ու հավակնությունները միջազգային ասպարեզում:

