Սկսվել է Իտալիայով անցնող Ջահի փոխանցավազքը

Հաշված ամիսներ են մնացել  մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը: Մարզական աշխարհը սրտատրոփ սպասում է գլխավոր միջոցառմանը: Իսկ մինչ այդ…

«Միլանո Կորտինա —  2026»  ձմեռային օլիմպիական խաղերի ջահը արդեն Իտալիայի մայրաքաղաքում  է: Հռոմի Պիացցա դել Քվիրինալեի հրապարակում, որը գտնվում է  Իտալիայի նախագահի նստավայրի դիմաց, տեղի է ունեցել տոնական արարողություն՝ ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրիի ներկայությամբ: Նա իր խոսքում գովաբանել  է Իտալիայի ջերմությունն ու էներգիան, իսկ Իտալիայի  նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել  հարգել օլիմպիական զինադադարը:

Ապա  մեկնարկել է ջահի փոխանցավազքը. միջին տարածության վազորդ Ջանկառլո Պերիսը, որը 1960թ. Հռոմի օլիմպիական խաղերի վերջին ջահակիրն էր, կրակի  լապտերը հանձնել է  Միլանո Կորտինայի հիմնադրամի նախագահ Ջովաննի Մալագոյին, ով այնուհետև վառել է ջահի կաթսան։

Առաջիկա շաբաթների ընթացքում  փոխանցավազքը կանցնի 12,000 կիլոմետր՝ Իտալիայի 300 քաղաքներով: Վազքին կմասնակցեն  մարզիկներ, արվեստագետներ, շարքային քաղաքացիներ: Մարզահանդեսի բացման նախօրեին՝ փետրվարի 5-ին կրակը կհասնի Միլանի  լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտ, որտեղ փետրվարի 6-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ևս մասնակցելու է օլիմպիական խաղերին: