Սպերցյանը առաջատար է. ռուս մարզիչը բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը պարզաբանել է, թե ինչու է ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել թիմի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Ռուսաստանի առաջնության 27–րդ տուրում «Կրասնոդարը» 2։1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին» եւ առաջատարն է։ Սպերցյանը չէր կարողացել արդյունավետ իրացնել 11–մետրանոցը։

«Սպերցյանը պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց գրաֆիկը շատ բարդ է։ Նրա դիրքը շատ էներգածախսատար է։ Նա ամեն խաղում մեծ աշխատանք է կատարում։

Սպերցյանը մեր առաջատարն է, մեր առաջնության լավագույն խաղացողներից է եւ գործնականում միշտ խաղում է առանց փոխարինման։ Պետք չէ ուշադրություն դարձնել, որ նա այս անգամ 9 րոպե քիչ խաղաց»,– championat.com–ի հաղորդմամբ ասել է Մուսաեւը:

Նշենք, որ «Կրասնոդարը» 27 խաղից հետո ունի 60 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» հետ է 1 միավոր։