«Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և վստահ հաղթանակ տարավ՝ 3։0 հաշվով։
Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։ Տանտերերը բավական արագ կարողացան վերահսկել խաղի ընթացքը և արդեն առաջին խաղակեսում ապահովեցին առավելություն։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ «Փյունիկի» գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նա հաշիվը բացեց հանդիպման 7-րդ րոպեին, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին, կրկնապատկեց թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» շարունակեց պահպանել խաղային առավելությունը։ Հանդիպման 63-րդ րոպեին թիմի երրորդ գոլը խփեց հարձակվող Էդգար Մալաքյանը՝ վերջնական դարձնելով հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած միավորների թիվը հասցրեց 32-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Իսկ «Շիրակը», ունենալով 10 միավոր, շարունակում է մնալ աղյուսակի նախավերջին տեղում։

