Երևանը տարեկան 100 մլն դրամ կխնայի տրոլեյբուսների ենթակայանների թվայնացման շնորհիվ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը կարևոր նորամուծություն է իրականացրել՝ ապահովել է տրոլեյբուսների էլեկտրամատակարարումն ապահովող 23 ենթակայանների մշտադիտարկման և կառավարման համակարգի ամբողջական թվայնացում:
«Այն, ինչ նախկինում կատարվում էր մեխանիկորեն և ձեռքով, այժմ ավտոմատացված է և թվային կառավարմամբ», — ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը թույլ կտա քաղաքին տարեկան խնայել շուրջ 100 միլիոն դրամ:
Ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը մանրամասն ներկայացրել է նախագծի էությունը: 2025 թվականին ամբողջությամբ ներդրված նոր համակարգը միավորում է բոլոր 23 ենթակայանները մեկ կենտրոնացված հարթակում: Այն ապահովում է իրական ժամանակում վերահսկողություն կոնտակտային ցանցի վիճակի, էլեկտրական պարամետրերի, սարքավորումների աշխատանքի և անվտանգության նկատմամբ:
Համակարգի շնորհիվ օպերատորները կարող են հեռավար՝ հետևել ենթակայանների ընթացիկ վիճակին, գնահատել տեխնիկական ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում անմիջապես միջամտել սարքավորումների աշխատանքին, վերահսկել հակահրդեհային անվտանգությունը, արձանագրել և արձագանքել կողմնակի անձանց մուտքի փորձերին:
Ըստ Բեջանյանի՝ նախագիծը հաջողությամբ ավարտվել է, և արդյունքում աշխատանքների օպտիմալացման, ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման ու արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման շնորհիվ տարեկան խնայողությունը կկազմի մոտ 100 միլիոն դրամ:

