Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից 4 տարի անց արձանագրվել է զգալի աճ

Մայիսի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հանրապետական հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է տարվա արդյունքները՝ ընդգծելով, որ 2025-ը նշանավորվել է ինչպես օրենսդրական բարեփոխումներով, այնպես էլ էներգետիկ շուկայի կառուցվածքային զարգացումներով։

Օրենսդրական և կարգավորիչ աշխատանք

Հանձնաժողովը քննարկել և իր դիտողություններն ու առաջարկություններն է ներկայացրել ԱՄՆ ՄԶԳ-ի և Համաշխարհային բանկի մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին», «Վերականգնվող էներգետիկայի» և «Էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերին։

Բացի այդ, լրամշակվել են էներգետիկ ոլորտի հիմնական ենթաակտերը՝ մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, ցանցային կանոնները, գազամատակարարման սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և այլն։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը

Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ։

  • 2022 թվականին ազատական հատվածի մասնաբաժինը կազմել էր ներքին սպառման 5.3%-ը,
  • 2023-ին՝ 20.1%,
  • 2024-ին՝ 27.8%,
  • 2025-ին՝ 33.2%։

Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474.5 մլն կՎտ/ժ սպառում է տեղափոխվել ազատական շուկա։