Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ հանդիսացող երգեհոնը կվերանորոգվի
ԿԳՄՍՆ և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:
Երգեհոնի վերանորոգման նպատակով պետությունը կտրամադրի ավելի քան 500 միլիոն դրամ:
ԿԳՄՍ նախարարը շրջել է համերգասրահում՝ ծանոթանալով վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երգեհոնը բացառիկ նշանակություն ունի համերգասրահի համար:
Հայաստանի ամենամեծ երգեհոնը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է համերգասրահի անբաժանելի խորհրդանիշը, տեղադրվել է 1970 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Չեխոսլովակյան «Rieger-Kloss» ֆիրմայի այս գործիքը, որը տարիներ շարունակ հարստացրել է Հայաստանի երաժշտական կյանքը, 2020 թվականից գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում և չի շահագործվում։
Մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կսկսվեն գործիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2027 թ.-ին: Գործիքի նորոգման աշխատանքներում ներգրավվելու են 25 բարձրակարգ մասնագետներ:

