Երեք հայ հեղինակների գործերը ներառվել են «ԵՎՐՈԴՐԱՄ 2026»-ի ընտրական ցանկում
Եվրոպական դրամատուրգիական թարգմանության խոշորագույն ցանցերից մեկի՝ Eurodram-ի 2026 թվականի ընտրական փուլում մեծ թվով ներկայացված հայտերի և մրցակցային գործընթացի արդյունքում Հայաստանից առաջադրված հայտերից ընտրվել են երեք հայ հեղինակների պիեսներ՝ ընդգրկվելով միջազգային հանձնախմբի կողմից ձևավորված ժամանակակից պիեսների ընտրական ցանկում։
Հաղթող ստեղծագործություններն են՝ Անուշ Ասլիբեկյանի «ՄԵՐՍԵԴԵՍ», Հրանտ Շիրինյանի «ԹԱԻԹԻ» և Կարինե Խոդիկյանի «ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ» պիեսները։
Eurodram-ը համաեվրոպական դրամատուրգիական թարգմանական ցանց է, որը միավորում է շուրջ 300 մասնագետների՝ մոտ 30 լեզվական հանձնախմբերում։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է բացահայտել և միջազգային մշակութային շրջանառության մեջ դնել ժամանակակից դրամատուրգիայի արժեքավոր նմուշները՝ ապահովելով դրանց թարգմանությունն ու հասանելիությունը տարբեր լեզվամշակութային միջավայրերում։
Կազմակերպության ընտրական գործընթացը իրականացվում է ազգային հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա՝ հաշվի առնելով ժամանակակից դրամատուրգիայի զարգացման միտումները, գեղարվեստական որակը և բեմականացման ներուժը։ Ընտրված պիեսները համարվում միջազգային թարգմանական նախագծերի և բեմադրական նախաձեռնությունների համար առաջարկվող ստեղծագործություններ։
Eurodram-ի ընտրական ցանկում ընդգրկվելը հեղինակների համար ստեղծում է հնարավորություն՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու եվրոպական թատերական հարթակներում, ներգրավվելու միջազգային թարգմանական ծրագրերում և համագործակցությունների նոր ձևաչափերում։
Հայաստանի մասնակցությունը այս ցանցում դիտարկվում է որպես կարևոր մշակութային իրադարձություն, որը նպաստում է հայ ժամանակակից դրամատուրգիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և դրա ինտեգրմանը եվրոպական թատերական գործընթացներին։

