ԿԸՀ-ն, ՄԻՊ-ն ու անգամ ԿԳՄՍՆ-ն. թեթև կշտամբել են, բայց ուղիղ Փաշինյանի անունը չեն տվել
Նախօրեին Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ դասապրոցեսի ժամին, աշակերտներ ու մանկավարժներ են մասնակից եղել: Այս փաստը տեղ գտավ մամուլում, մեծ քննադատության ալիք բարձրացրեց, ինչը պարտադրեց ԿԸՀ-ին հանդես գալ հայտարարությամբ.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում»,- ասված է ԿԸՀ հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս հանդես է եկել մի անատամ հայտարարությամբ, որում թեթև կշտամբել է իշխանությանը՝ առանց ուղիղ հասցեատիրոջը մատնանշելու.
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։
Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
ԿԳՄՍՆ–ն էլ հայտարարեց, թե կքննի Արագածոտնում ՔՊ–ի քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը.
“Արագածոտնի մարզում անցկացված քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն։
Քարոզարշավի մեկնարկից ի վեր բազմաթիվ ահազանգեր ենք ստանում դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, աշակերտների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ։ Նշվում է, թե նմանատիպ մի դեպք էլ է գրանցվել, երբ Արագած և Քուչակ գյուղերի դպրոցների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի:
Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
Ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է պատշաճ արձագանքի և ունենալու է իրավական հետևանքներ»,- հայտնել են նախարարությունից։ Այլ կերպ ասած՝ այստեղ էլ վախեցել են հստակ հնչեցնել Փաշինյանի անունը:
Սակայն, ինչպես նկատելի է, պետական այս կառույցներից և ոչ մեկը ուղիղ ՔՊ կուսակցության անունը չի հնչեցրել, որ հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը մասնակցելու համար (!) երեխաները կտրվել դասապրոցեսից, նույնը նաև նրանց ուսուցիչները:
Ի դեպ, Փաշինյանն էլ իրեն ուղղված հարցին հավաստիացրել է՝ որևէ խախտում անհետևեանք չի մնա, քննություն կընթանա:
Իսկ մենք պատկերացնենք, թե ինչ իրավական հետևանքներ ու տեղեկատվական աղմուկ կբարձրանար, եթե սա տեղի ունենար ընդդիմության քարոզարշավի ժամանակ…

