ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան
ՀՀ–ում գրանցած աշխատողների 50 %-ը 160 000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում։ Այս մասին հայտարարել է Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` վկայակոչելով կայքում վերջերս գործարկված աշխատավարձերի հաշվիչի տվյալները։
«Բարձր աշխատավարձերը 2018թ–ից ի վեր շատացել են, բայց հիմնականում հարստացել են հարուստները։ Սա էլ բերել է նրան, որ միջին աշխատավարձը վերջին ժամանակահատվածում է՛լ ավելի է մեծացել։ 80 տոկոսի աշխատավարձերն այս 7-8 տարվա մեջ չեն փոխվել, մինչդեռ վերևի 20 տոկոսի աշխատավարձերը 2 անգամ ավելացել են»,– նշում է տնտեսագետը։
Ուսումնասիրության համաձայն` գրանցված աշխատողների 25 %-ը ՀՀ–ում 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում, որից հարկերը հանելուց հետո աշխատողին ընդամենը 87 000 դրամ գումար է մնում։
Թավադյանն արձանագրում է, որ այս տարիների ընթացքում մեր երկրում նաև բավական բարձր գնաճ է արձանագրվել։ Հետևաբար քաղաքացին 180 000 դրամով այս պահին ավելի քիչ ապրանք կարող է գնել, քան 2018 թ-ին։
«2018 թ-ից այս կողմ աշխատավարձերը գնաճով ճշգրտված չեն փոփոխվել, նույնիսկ ոլորտներ կան, որտեղ իջել են, ոլորտներ կան, որտեղ զգալի աճել են։ Եվ խնդիրը ոչ թե միջին և բարձր խավերի աշխատավարձերի ինդեքսավորումն է, որ այսպես թե այնպես շատ կազմակերպություններ որոշ ժամանակը մեկ 5 %-ով, 10 %-ով ավելացնում են, այլ հիմնականում նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման ահրաժեշտությունը (որը Հայաստանում 75 000 դրամ է), իսկ հարկերը, տուրքերը հանած` մոտավորապես 50 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձը վերջին տարիներին ընդհանրապես չի բարձրացել, գնաճով չի ինդեքսավորվել»,– արձանագրում է Թավադյանը։

