Մեղրի քաղաքին է հանձնվել 2026 թվականի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի պատվավոր հավաստագիրը

Մեղրի քաղաքում պաշտոնապես մեկնարկել է «ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք 2026» ծրագիրը՝ քաղաքին հանձնվել է համապատասխան պատվավոր հավաստագիրը։

Հայաստանի հարավում գտնվող այս բնակավայրում մեկնարկային արարողությունը վերածվել է բազմաշերտ մշակութային իրադարձության․ բնակիչների համար կազմակերպվել է գալա համերգ, ինչպես նաև բացօթյա դիսկոտեկ՝ հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ։

Ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո՝ 2011 թվականից։ Նախաձեռնության հիմնական նպատակներից է քաղաքների մշակութային ներուժի բացահայտումը, ժառանգության ներկայացումը և միջմշակութային համագործակցության խթանումը։

Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, որը նշել է, որ Մեղրիի ընտրությունը որպես 2026 թվականի մշակութային մայրաքաղաք ոչ միայն հնարավորություն է ներկայացնելու հայկական մշակույթը, այլև կարևոր խթան է տարածաշրջանի ենթակառուցվածքային և զբոսաշրջային զարգացման համար։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում նախատեսված է շուրջ երեք տասնյակ միջոցառում՝ ներառյալ արհեստների, տարազի, ժողովրդական երգ ու պարի, երիտասարդ կինոգործիչների փառատոններ, ինչպես նաև «Նռան փառատոն», գրքի փառատոնի արտագնա տարբերակ և մի շարք ցուցահանդեսներ ու հյուրախաղեր։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերին՝ Մեղրիի օրով և ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբի ելույթով։

ԿԳՄՍ փոխնախարարը ընդգծել է նաև, որ միջոցառումները չեն սահմանափակվելու միայն Մեղրի քաղաքով․ ծրագրում ընդգրկված են նաև Ագարակն ու Շվանիձորը՝ նպատակ ունենալով ապահովել մշակութային կյանքի ապակենտրոնացում և հասանելիություն համայնքներում։

Բացման օրերի շրջանակում հյուրերը ծանոթացել են Մեղրիի պատմամշակութային ժառանգությանը, մասնակցել ծառատունկի, ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նամականիշի մարման արարողությանը։

Պաշտոնական գնահատմամբ՝ մեկնարկած ծրագիրը Մեղրիի համար կարող է դառնալ ոչ միայն մշակութային, այլև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր փուլ՝ ակտիվացնելով համայնքի կյանքը և միջազգային կապերը։