Պարտությունը որպես ռազմավարություն. Փաշինյանն Արցախի կորուստը վերածում «դիվանագիտական հաջողության»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցում իր փորձերը հասարակության աչքերում լեգիտիմացնելու և արդարացնելու  վերջին տարիների ամենցավոտ գործընթացներից մեկը՝ Արցախի հանձնումն ու Հայաստանի շուրջ անվտանգային հավասարակշռության կտրուկ փոփոխությունը։

Ի սկզբանե Փաշինյանը իր հիմնավորումները կառուցում էր պարզ գծի շուրջ. ղարաբաղյան հարցից հրաժարվելը, նախկին մոտեցումները սխալ ճանաչելն ու նոր քաղաքականությանն անցնելը այլընտրանք չուներ և վաղ թե ուշ ցանկացած իշխանություն այդ քայլի կդիմեր հանուն «խաղաղության»։

Չնայած այն հանգամանքին, որ իրականում Արցախը կորսվեց խորը ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում՝ գործող  իշխանության ռազմավարական կայունությունն ապահովելու, հակամարտության զարգացումը կանխատեսելու և բանակցային դիրքերը պահելու ակնհայտ անկարողության պատճառով, Փաշինյանը փորձում է իր գործողությունները ներկայացնել որպես «գիտակցված ընտրություն»։

Փաշինյանը փորձում է միակողմանի զիջումները վերածել քաղաքական հայեցակարգի։ Յուրաքանչյուր նոր քայլ՝ լինի դա անընդունելի բանաձև, թե տարածքային կորուստ, հետադարձ ուժով մեկնաբանվում է որպես նախապես մտածված ռազմավարության մաս։ Մինչդեռ տարածաշրջանի բուն իրականությունը հակառակն է փաստում։

Ավելին՝ «խաղաղության և կայունության» մասին Երևանի պաշտոնական հռետորաբանության ու հաշտեցման խորհրդանշական ժեստերի ֆոնին, Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն մեծացնել ռազմական ներուժը, ամրապնդվել հայկական բռնազավթած տարածքներում և ձևավորել նոր քաղաքական-խորհրդանշական իրականություն՝ «ռազմական պուրակի» կառուցումից մինչև «արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի ձևավորումը։

Զուգահեռաբար բարձրացվում են նաև ավելի հիմնարար հարցեր՝ սահմանների մասին Բաքվի սպեցիքիկ մեկնաբանությունից մինչև առանձին տարածքներում հայկական ներկայության պատմաքաղաքական լեգիտիմությունը։ Այս պայմաններում հայկական կողնի «խաղաղության» մասին թեզերն ավելի շատ քաղաքական շղարշ են, քան իրականության արտացոլում, և հայ ընտրողի համար այս ամենը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ 

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը ստիպված է Արցախի կորուստը հիմնավորելու և արդարացնելու նոր փաստարկներ փնտրել։ Նա էլ փնտրում և գտնում է։ Մայիսի 30-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պնդեց, որ զենք արտադրող միջազգային ընկերությունները Հայաստանին զենք չէին վաճառում, քանի որ այն կարող էր օգտագործվել «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

 

Նա հայտարարեց․ «Այն նույն մարդիկ, այն նույն երկրները, որոնք սկսել են մեզ զենք վաճառել 2022 թվականից հետո, մինչև 2022-ը հետևյալն էին ասում. «Կներեք, մենք չենք կարող ձեզ զենք վաճառել երկու պատճառով»։ Առաջին պատճառն այն էր, որ մեզ ասում էին. «Դուք ՀԱՊԿ անդամ եք, և մենք չենք կարող ձեզ տեխնոլոգիական սպառազինություն տրամադրել, քանի որ վստահ չենք, որ այդ տեխնոլոգիաները չեն հայտնվի ՀԱՊԿ երկրների ձեռքում»։ Բայց սա նույնիսկ ամենակարևոր պատճառը չէր։

Երկրորդ պատճառն այն էր, որ մեզ ասում էին. «Մենք վստահ ենք, որ դուք այդ զենքը կօգտագործեք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

 

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին էր։ Այսինքն՝ մեզ ուղղակիորեն ասում էին, որ ղարաբաղյան հակամարտության պայմաններում չեն կարող մեզ զենք վաճառել, քանի որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ելնում են այդ սկզբունքից։

 

Ի՞նչ պատահեց 2022 թվականին, և ինչու՞ հենց 2022-ից սպառազինության շուկան սկսեց բացվել Հայաստանի համար, իսկ 2024-ին, փաստացի, բացվեց արդեն առանց որևէ սահմանափակման։

 

Տեղի ունեցավ երկու բան. նախ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի աջակցությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Արձանագրվեց, որ Խորհրդային Հայաստանի տարածքը լիովին համապատասխանում է անկախ Հայաստանի տարածքին, իսկ Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ համապատասխանաբար անկախ Ադրբեջանին։

 

Դրանից հետո սպառազինության միջազգային շուկայի մասնակիցները մեզ ասացից. «Մենք այլևս խնդիր  չունենք։ Տեսանք, որ դուք արեցիք այդ քայլը, և պատրաստ ենք սկսել ձեզ զենք վաճառել»։

 

Այնուհետև 2024 թվականից հետո, երբ սկսվեց սահմանազատման գործընթացը, ստորագրվեց ու վավերացվեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ստացավ դե յուրե պարտադիր իրավաբանական ուժ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, հարցը վերջնականապես փակվեց։

 

Զենքի վաճառքը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի՝ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը և չենք շարունակելու»։