Փայլուն հաջողություն. հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի IATI միջազգային օլիմպիադայում
Հայաստանի դպրոցականների թիմը հերթական տպավորիչ հաջողությունն է գրանցել միջազգային հարթակում։ Ինֆորմատիկայի IATI 17-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են ընդհանուր առմամբ 9 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 7 բրոնզե։
Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով՝ երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։
Ավագ տարիքային խմբի արդյունքները
Այս խմբում հայ աշակերտները նվաճել են 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ.
- Արծաթե մեդալ՝ Ալեքս Գրիգորյան («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան):
- Բրոնզե մեդալներ՝
- Տիգրան Մացակյան (Ա. Շահինյանի անվան ֆիզմատ դպրոց, 11-րդ դասարան),
- Վահագն Գեզալյան (Ա. Շահինյանի անվան ֆիզմատ դպրոց, 11-րդ դասարան),
- Արեն Գրիգորյան («Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան),
- Հայկ Մանուկյան («Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան),
- Մամիկոն Համբարյան (Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան):
Կրտսեր տարիքային խմբի արդյունքները
Կրտսեր խմբում մեր սաները նվաճել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ.
- Ոսկե մեդալ՝ Վաչե Քոչարյան (8-րդ դասարան):
- Բրոնզե մեդալներ՝
- Հերբերտ Խոնդկարյան (Ա. Շահինյանի անվան ֆիզմատ դպրոց, 9-րդ դասարան),
- Հայկ Ադամյան («Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան):
Մասնակցության աշխարհագրությունը
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են 20 աշակերտներ՝ հանրապետության 6 առաջատար կրթօջախներից, այդ թվում՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմատ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, «Այբ» դպրոցից, ինչպես նաև Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներից։
Ապրիլի 15-17-ն անցկացված օլիմպիադային ընդհանուր առմամբ մասնակցել են աշխարհի 16 երկրների 440 դպրոցականներ։ Հայ աշակերտների գրանցած բարձր արդյունքները ևս մեկ անգամ վկայում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական կրթության բարձր մակարդակի մասին։

