Քարոզարշավ-2026. Ազգակցական կապերի համար՝ աշխատանքից ազատել, այլախոհության համար՝ բանտարկել

Ընտրություններից շաբաթներ առաջ հայաստանյան քաղաքական դաշտը սրընթաց կերպով վերածվում է տոտալ բռնաճնշումների տարածքի: Լրահոսը ողողված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով, որոնց իրավապահ մարմինները գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ:

Որպես «երկաթբետոնյա ապացույցներ» հրապարակվում են ձայնագրություններ, սակայն հրապարակված հատվածներից հնարավոր չէ միանշանակ եզրակացություն անել ո՛չ կաշառքի փաստի, ո՛չ էլ կազմակերպված սխեմայի առկայության մասին: Այդուհանդերձ, իշխանության համար ցանկալի մեդիա-էֆեկտն արդեն ապահովված է. հանրությանը ցուցադրվեց հերթական կինոն «հանցավոր ընդդիմության» մասին, ստեղծվեցին հիմքեր խոչընդոտելու դաշինքի մասնակոցությունը ընտրություններին:

Սակայ այս ֆոնին շատ ավելի տագնապալի են թվում ընդդիմության հայտարարությունները տոտոլ վարչական ճնշումների մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ քաղաքական ուժի տրամադրության տակ է հայտնվել տեղեկատվություն առ այն, որ աշխատանքից ազատվում են այն ոստիկանները, որոնց հարազատները մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: ՀՀ ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկությունները, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը միայն ուժգնացրեց կասկածները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ ամենայնի, գտնվում էր նախընտրական քարոզարշավի էյֆորիայի մեջ (իսկ ըստ նրա ընդդիմախոսների՝ հնարավոր է նաև շատ ավելի էկզոտիկ ինչ-որ բանի ազդեցության տակ), փաստացի հաստատեց նման գործողությունների տրամաբանությունը: Կառավարության ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ եթե այդ ոստիկանները դեռևս ազատված չեն աշխատանքից, ապա «նրանց անպայման պետք է ազատել»:

Այսինքն՝ խոսքն արդեն ոչ թե պարզապես լուրերի կամ ընդդիմության մեղադրանքների մասին է: Իշխանությունը փաստացի ցուցադրում է մարդկանց՝ իրենց հարազատների քաղաքական հայացքների համար պատժելու պատրաստակամությունը: Հարվածի տակ է հայտնվում իրավական պետության հիմնարար սկզբունքը՝ քաղաքական համոզմունքների և օրինական քաղաքական գործունեությանը մասնակցելու համար հետապնդման անթույլատրելիությունը:

Ընդ որում, տագնապալի ազդակներ ստացվում են ոչ միայն ԲՀԿ-ից: «Միասնության թևեր»-ը հայտարարել է ուսանողներին իշխանության նախընտրական ակցիաներին մասնակցելու պարտադրանքի դեպքերի մասին: «Հայաստան» դաշինքում հայտարարում են, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին իշխող ուժի օգտին քվեարկելու հարկադրանքի վերաբերյալ:
Դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ խոսքը վարչական ռեսուրսի ուղղակի օգտագործման և կախյալ վիճակում գտնվող մարդկանց սպառնալու մասին է:
Այս կապակցությամբ դաշինքը հայտարարել է հնարավոր խախտումների ապացույցների հավաքագրման մեկնարկի մասին.

«“Հայաստան” դաշինքը իրականացնում է փաստերի հավաքագրում՝ նմանատիպ հանցագործությունները բացահայտելու և կանխելու նպատակով: Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնակալությունը՝ մենք խնդրում ենք խախտումների մասին հայտնող անձանց հնարավորության դեպքում հավաքել իրավախախտումների ապացույցներ. տվյալներ, որոնք բացահայտում են սպառնացող անձանց ինքնությունը, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերի միջոցով արձանագրված տեղեկատվություն»։

Դաշինքում նաև հիշեցրել են, որ ծառայողական դիրքի օգտագործումը քաղաքացիներին ընտրություններին մասնակցելուն կամ քվեարկելուն հարկադրելու համար քրեորեն պատժելի արարք է և նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Առանձնակի շեշտադրում է արվել նաև քվեարկության գաղտնիության վրա. «Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը»:

Սակայն այսօրվա գլխավոր հարցն այլ է. եթե իշխանությունն արդեն բացահայտ թույլատրելի է համարում աշխատանքից ազատումները՝ հարազատների ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելու համար, ապա որտե՞ղ է անցնում այս քարոզարշավում թույլատրելիի սահմանը: Եվ արդյո՞ք վերընտրվելու պայքարը չի վերածվում հասարակությանն ահաբեկելու մասշտաբային գործողության՝ քրեական գործերով, ցուցադրական ձերբակալություններով և տոտալ վարչական ճնշումներով: