ՔԿՀ-ներում խնդիրները շարունակում են գերակշռել. դիտորդական խմբի զեկույցը 2025-ի մասին

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը ամփոփել է 2025 թվականի մշտադիտարկման արդյունքները՝ արձանագրելով, որ համակարգում իրականացված բարեփոխումներին զուգահեռ շարունակում են գերակշռել համակարգային խնդիրները։

Խնդիրների մեծ մասը՝ առողջապահության ոլորտում

Դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ տարվա ընթացքում գրանցվել է 189 ահազանգ ազատազրկվածների կողմից, ինչը, մի կողմից, վկայում է բողոքարկման մեխանիզմների հասանելիության մասին, սակայն մյուս կողմից՝ բացահայտում է առկա խնդիրների ծավալը։

Նրա գնահատմամբ՝ ահազանգերի շուրջ 80 տոկոսը վերաբերում է առողջական հարցերին՝ դեղորայքի հասանելիությունից մինչև բուժօգնության ուշացում և ոչ պատշաճ տեղեկատվության տրամադրում։ Միևնույն ժամանակ արձանագրվել են խնդիրներ պահման պայմանների, ներքին փոխհարաբերությունների և հիմնարկներում իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված։

Սննդի հարցում, ըստ Գաբրիելյանի, արձանագրվել է երկակի իրավիճակ․ թեև այն այլևս մատակարարվում է դրսից և համակարգային խնդիր չի համարվում, սակայն որակական առումով նկատվում է վատթարացում։

Կանանց և երեխաների խնդիրները փակ համակարգում

Դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկորոյանը առանձնացրել է կանանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները՝ նշելով, որ դրանք հաճախ անտեսում են կանանց հատուկ կարիքները։

Նրա խոսքով՝ հիգիենիկ փաթեթների նոր ձևաչափը, որը ներդրվել է վերջին բարեփոխումների շրջանակում, չի հաշվարկել կանանց իրական պահանջները։ Չնայած ներկայացված առաջարկություններին՝ փոփոխությունները դեռևս ամբողջությամբ չեն լուծել խնդիրը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև երեխաների վիճակը, որոնք ապրում են մայրերի հետ փակ հաստատություններում։ Ըստ Խնկորոյանի՝ երեխաների զարգացման համար անհրաժեշտ ծրագրերը բավարար չեն, ինչն ազդում է, մասնավորապես, խոսքային և սոցիալական զարգացման վրա։

Բացի այդ, խնդիրներ կան կրթության հասանելիության հարցում․ երեխա ունեցող կանայք հաճախ չեն կարող մասնակցել կրթական ծրագրերին՝ խնամքի հարցերի պատճառով։ Նույնպես անբավարար են գնահատվում տեսակցությունների պայմանները, որոնք չեն ապահովում մոր և երեխայի միջև կայուն կապը։

Խոցելի խմբերը՝ բազմակի խտրականության պայմաններում

Դիտորդների խմբի անդամ Արման Սահակյանը շեշտել է, որ տարիներ շարունակ արձանագրվում են խոցելի խմբերի նկատմամբ բազմաշերտ խտրականության դեպքեր։

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ բացակայում են անհրաժեշտ հարմարեցումները, ծառայությունները և անհատական մոտեցումը, ինչի հետևանքով նրանք փաստացի դուրս են մնում համակարգի կողմից տրամադրվող հնարավորություններից։

Օտարերկրացի քաղաքացիների դեպքում հիմնական խնդիրներից են լեզվական խոչընդոտները և իրավական տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը, ինչը հաճախ հանգեցնում է խտրական վերաբերմունքի։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ծառայությունները սահմանափակ են թե մասնագետների, թե դեղորայքի առումով, իսկ կախվածություններ ունեցող անձինք հաճախ դուրս են մնում բուժման և վերականգնման ծրագրերից։

Առավել խոցելի, ըստ Սահակյանի, մնում են տուբերկուլոզով կամ ՄԻԱՎ-ով ապրող անձինք, որոնք բախվում են խարանավորման, ծառայությունների սահմանափակ հասանելիության և անվտանգության խնդիրների։ Նրա գնահատմամբ՝ այս խումբը հաճախ համարվում է «ամենացածր շերտը» քրեակատարողական ենթամշակույթում, ինչն ավելի է խորացնում նրանց իրավունքների խախտումները։