Ամառ, գինի, երաժշտություն. «Երևանի գինու օրեր 2026»

Արդեն մի քանի տարի է, ինչ երևանյան ամառվա առաջին շաբաթը գինու բույրն ունի. Երևանի սրտում երեք օր շարունակ անցկացվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն, անխոս, դարձել է մայրաքաղաքի տուրիստական այցեքարտերից մեկը:

Այս տարի «Երևանի գինու օրեր 2026»-ը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 5-ին, 6-ին և 7-ին։ Սրանք արդեն ավանդական դարձած ամսաթվերն են՝ հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի, երբ Երևանում բացօթյա փառատոնի համար իդեալական եղանակ է։
Փառատոնը բաց է՝ ամեն օր 16:00-ից մինչև 22:30։

«Երևանի գինու օրերը» Հայաստանի ամենամեծ բացօթյա գինու փառատոնն է, որն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2017 թվականից։ Տարիների ընթացքում այն ​​դարձել է տարածաշրջանում գինու սիրահարների և գաստրո տուրիզմի առաջատար միջոցառումը։ 2025 թվականին փառատոնը գրավել է ավելի քան 180,000 այցելուի, որոնցից մոտավորապես 30%-ը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին։ Միջոցառման տնտեսական ազդեցությունը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլար։