Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով կայցելի Երևան
Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով կայցելի Երևան։Թատրոնը Երևանի հանդիսատեսին կպարգևի թատերական տոն՝ իր 160-ամյակի շրջանակում։ Եռօրյա հյուրախաղերի ընթացքում կցուցադրվեն հետաքրքիր ներկայացումներ։
Ինչպես ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հիմնականում շեշտը դրվում է այն բանի վրա, որ հանդիսատեսը գա Գյումրի, սակայն զուգահեռաբար կազմակերպվում են նաև հյուրախաղեր։ Այս անգամ Երևանում կցուցադրվեն երեք ներկայացումներ. ապրիլի 17-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում «Արտիստիկ համերգ», ապրիլի 18-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնում «Ինկած բերդի իշխանուհի», ապրիլի 19-ին՝ Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում «Բոհեմ»։
«Արտիստիկ համերգը» առանձնանում է երգի ու պարի բազմազանությամբ։ Այս անգամ դերասանները ոչ միայն խաղում են, այլև երգում ու պարում են կենդանի նվագակցությամբ։
«Ինկած բերդի իշխանուհի» ներկայացումը կարևոր ուղերձ է պարունակում՝ սեփական սխալները գտնելու, համերաշխության ու սիրո մասին։ Այն արդեն երեք տարի է բեմում է, բայց միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճով։
«Բոհեմ» ներկայացման չորս հերոսուհիները՝ Ֆրիդա Կալոն, Էդիթ Պիաֆը, Մարիա Ցվետաևան և Կոկո Շանելը, գրավել են ամբողջ աշխարհը, սակայն զոհաբերել իրենց անձնական կյանքը։ Նրանք անտարբեր չեն թողնի ոչ մի հանդիսատեսի։
Երևանից բացի թատրոնը նախատեսում է հյուրախաղեր նաև Հայաստանի այլ քաղաքներում և արտերկրում։ Առաջիկայում այց է սպասվում Բուլղարիա։
Թատրոնում զուգահեռաբար ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Տնօրեն Արամ Կարապետյանի խոսքով՝ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թարմացվել է լուսային տեխնիկան (մոտ 97 մլն դրամ) և ձայնային սարքավորումները (43 մլն դրամ)։ Սկսվել է նաև կաթսայատան նորոգումը, ինչը թույլ կտա խնայել ջեռուցման ծախսերը։

