«Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիր կիրականացվի

Գործադիրի որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։

Արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:

Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը:

«Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։ Ըստ հիմնավորման՝ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այն մի շարք երկրներում դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։ Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։

Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա։

Կառավարությունից նշում են, որ ՀՀ պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։