Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը՝ «Օսկարի» մրցանակակիր․ հայտնի են «Օսկար-2026»-ի բոլոր մրցանակակիրները

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը։

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Պայքար պայքարի հետևից» (Battle After Battle) ֆիլմը, հայտնում է Forbes-ը։

Ընդհանուր առմամբ ֆիլմը տարավ վեց հաղթանակ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Շոն Փեն), «Լավագույն ադապտացված սցենար» (Փոլ Թոմաս Անդերսոն), «Լավագույն մոնտաժ» (Էնդի Յուրգենսեն) և «Լավագույն քասթինգ» (Քասանդրա Կուլուկունդիս) անվանակարգերում, որի մրցանակն այս տարի հանձնվում էր առաջին անգամ: Ի սկզբանե ֆիլմն ուներ 13 անվանակարգ:

Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները» ֆիլմի համար), դերասանուհի՝ Ջեսի Բաքլին («Համնետ» ֆիլմի համար)։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակը ստացավ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Sinners» («Մեղավորները») ֆիլմը: Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «K-pop դևերի որսորդները» ֆիլմը, իսկ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Մարգարտե արցունքներով աղջիկը»:

«Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում գրանցվեց ոչ ոքի, որտեղ հաղթողներ ճանաչվեցին «Երգիչները» և «Երկու մարդ փոխանակվում են թքով» նախագծերը:

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը:

«Լավագույն ձայն»-ի համար մրցանակ ստացավ «F1» ֆիլմը, լավագույն վիզուալ էֆեկտների համար՝ «Ավատար․ Կրակ ու մոխիր» ֆիլմը, իսկ լավագույն դիմահարդարման և սանրվածքների համար մրցանակը շնորհվեց Մայք Հիլին, Ջորդան Սեմյուելին և Կլիոնա Ֆյուրիին, որոնք աշխատել էին «Ֆրանկենշտեյն» ֆիլմի վրա։ Լավագույն միջազգային ֆիլմ ճանաչվեց «Զգացմունքային արժեք» ֆիլմը։