Ի՞նչ թողեցին մեզ Եռատոնից
Դեռ մի քանի տարի առաջ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակի ամիս էր, քանի որ մենք ունեինք Եռատոն: Ժամանակները, ցավոք, փոխվել են, բայց եթե պաշտոնական մակարդակով փորձ է արվում ջնջել մեր անցյալը ու սանձել մեր հիշողությունը, դա չի հաջողվի. Եռատոնը կա, այն կմնա մեր հուշերում մինչ նորից այդ օրերը կվերադառնան:
Եվ այսպես, Եռատոն. Ո՞րն է դրա խորհուրդը:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Հայրենական մեծ պատերազմ, հզոր հայորդիներ
Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:
«Հարսանիք լեռներում» և Շուշիի ազատագրում
«Հարսանիք լեռներում» օպերացիան թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն: 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:
Իսկ ՀՀ ներկայիս իշխանության առաջնորդը Շուշին անվանեց “դժգույն քաղաք”, այդպիսով արդարացնելով այն թշնամուն հանձնելն ու կորուստը:
Արցախի Պաշտպանության բանակ
Մայիսի 9-ին նշվում է (էր) նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ.մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները…
Այսօր Հայաստանում նշվում է միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, թեև եթե այսպես շարունակվի, ապա մի օր, հնարավոր է, մեզ փորձեն զրկել նաև այս տոնից:

