Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Թանգարանային գիշերը
Շուտով Թանգարանների գիշերն է և Թանգարանների միջազգային օրը։ Այս տարի թանգարանային տոները կանցնեն «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո: Այս գաղափարն առավել քան արդիական է Մարտիրոս Սարյանի դեպքում, որն իր ողջ կյանքով և ստեղծագործությամբ դարձել է համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը:
Սարյանի արվեստը երբեք չի սահմանափակվել լոկ ազգային շրջանակներով: Նրա միջազգային մասշտաբը, Փարիզից մինչև Վենետիկի բիենալեներ ստեղծած կապերը և Արևելքի ու Արևմուտքի գեղագիտական երկխոսությունը վկայում են այն մասին, որ իրական արվեստը միավորող ուժ ունի: Նրա կտավները, որոնք այսօր զարդարում են աշխարհի խոշորագույն թանգարանները, շարունակում են խոսել համամարդկային լեզվով՝ հաղթահարելով ցանկացած բաժանարար գիծ:
Մայիսի 16-ին (Թանգարանների գիշեր) և 18-ին (Թանգարանների միջազգային օր) սպասում ենք ձեզ Վարպետի տանը՝ վերագտնելու այն կապերը, որոնք միավորում են մեզ աշխարհի հետ։
Այդ օրը հետաքրքիր այլ միջոցառումներ են սպասվում:
ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ | ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2026
Թանգարանները միավորում են բաժանված աշխարհ
Մայիսի 16, 2026 | 10:00 — 24:00 | ԱԶԱՏ ՄՈՒՏՔ
12:00–13:30
Լինոփորագրության աշխատարան՝ հիմնված «Քարպետ» ցուցադրության վրա
*մասնակցությունը՝ պարտադիր նախնական գրանցմամբ
14:00–16:00
Հանդիպում և ստեղծագործական աշխատարան Նարեկ Ավետիսյանի հետ՝ հիմնված «Չափանիշ» ցուցադրության վրա
*մասնակցությունը՝ պարտադիր նախնական գրանցմամբ
16:00
Համադրողի ուղեկցությամբ շրջայցեր՝
• «Քարպետ»
• «Չափանիշ»
• «Գրիգոր Խանջյան 100» ցուցադրություններ
*մասնակցությունը՝ պարտադիր նախնական գրանցմամբ
18:00
«Քարպետ» ցուցադրության պաշտոնական բացումը
«Սասունցի Դավիթ» սրահ
18:30
Համերգ․ Շահեն Խանդկարյան և Նորայր Քարտաշյան
«Սասունցի Դավիթ» սրահ
Գրանցման համար խնդրում ենք զանգահարել (+37410) 541932/34 հեռախոսահամարով:

