Իսրայել Օրի. հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

«… Հայոց պատմության մեջ նա մնաց իբրեւ մի անխոնջ անհատականություն, որը շրջեց աշխարհով մեկ՝ ունենալով մեկ նպատակ ու ծրագիր՝ Հայաստանի ազատագրումը». Ռազմիկ Փանոսյան…

Իսրայել Օրին Օսմանյան եւ Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։ Իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի համար իր բնօրրանում անկախություն կերտելու գործում եվրոպական ուժերի օժանդակությունն ապահովելու վրա։

1658 թվականին Սյունիքում (հարավային Հայաստան) ծնված Իսրայել Օրին ծագում էր ազնվական ընտանիքից։ Նա շրջել է Եվրոպայով եւ դիմել տարբեր իշխանների ու առաջնորդների՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանի անկախության գործին։ Միեւնույն խնդրով նա դիմել է նաեւ Հռոմի պապին, Փֆալցի կուրֆյուրստին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Տոսկանայի դքսին, Ֆրանսիայի արքա Լուի XIV-ի խորհրդականներին եւ Ռուսաց Պետրոս Մեծ արքային։

Օրին կռվել է Լուի XIV-ի բանակում, գերի ընկել, սակայն հետագայում ազատ արձակվել։

Թեեւ Օրին մահացել է այդպես էլ չհասնելով իր նպատակներին, Հայաստանի անկախության գործին նրա նվիրումը դարձել է հաջորդ դարերի ընթացքում ազգային-ազատագրական բազում շարժումների, այդ թվում՝ ազատ եւ անկախ Հայաստանի համար տարվող պայքարի նախակարապետը։