«Խաղաղության դարաշրջան». Ադրբեջանը վերացնում է հայկական հետքը, աշխարհը թքած ունի

Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունն ու շարունակում է ոչնչացնել հայկական հետքը օկուպացված Արցախում: Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում հիմնահատակ քանդել է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։
Ու դա արվել ու արվում է ամբողջ աշխարհի լուռ հայացքի ներքո, այսպես կոչված «մարդասեր ու դեմոկրատ» միջազգային հանրության լայն բացված, բայց ոչինչ չտեսնող հայացքի ներքո:

Այս ամենը տարիներ շարունակ տեսնելով, մշակութային վանդալիզմին ու հայկականության դեմ ցեղասպան այս գործողություններին ցավով հետևելով կարո՞ղ ենք արձանագրել, որ աշխարհը թքած ունի Հայաստանի ու Արցախի, հայկական հետքի ու մշակույթի վրա նույնքան, որքան թքած ունի Սիրիայում, Գազայում կատարվող վայրագությունների վրա: Կարծում ենք՝ այո՛, ավելին՝ մենք պարտավոր ենք դա ֆիքսել, որպեսզի սին հույսեր չտածենք այդ անշունչ, անհումանիստ հավաքական կերպարի հետ:

Եվ այս ֆոնին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար: Կարևո՞ր է, բայց ի՞նչը, թվացյալ խաղաղությո՞ւնը, բացահայտ մշակույթասպանությո՞ւնը, վանդալի՞զմը:

Մյուս կողմից, թերևս ավելորդ է նրանցից պահանջել արդարություն, երբ անգամ Հայաստանի իշխանությունները թքած ունեն այդ արդարության վրա, ավելին՝ գրեթե ամեն օր ու բոլոր տրիբուններից մեզ հորդորում ու պարտադրում են մոռանալ մեր անցյալը, մեր ինքնությունը, Արցախը: Իսկ եթե հորդորում են մոռանալ Արցախը, ապա ինչո՞ւ պիտի մտահոգվեն, երբ վիրավոր, օկուպացված Արցախում հերթական եկեղեցին է ոչնչացվում: «Հա ինչ  անենք» ասում է այս իշխանությունն ու շարունակում քարոզել կեղծ խաղաղությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ մեզ հրամցնում են կեղծ բարեպաշտությունը, կեղծ բարօրրությունը, կեղծ Հայաստանի կեղծ իրական լինելը….

Փաշինյանն էլ է լռում, անտեսում, թքած ունի: Նա, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», այսօր ասում է՝ որպես ՀՀ վարչապետ, ինձ  հետաքրքրում են Հայաստանի մշակութային կոթողները և դրանց ոչնչացումը: Բաց տեքստով՝ թքած Արցախի վրա, և վերջ:

Թեև…. ինչ սպասել մի մարդուց, ով այդ կեղծի հեղինակն ու քարոզիչն է….