Հայկական զարդերի գաղտնի լեզուն
Այսօր հայկական ավանդական զարդերը գնալով ավելի մեծ տարածում են գտնում և վերադառնում են ժամանակակից կյանք։ Երևանյան փողոցներում հաճախ ենք հանդիպում կանանց և աղջիկների, ովքեր կրում են հինավուրց ոճով զարդարված, խորհրդանշական պատկերներով մատանիներ, ապարանջաններ և տարբեր տեսակի կախազարդեր։
Հնում հայկական զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել: Օրինակ՝ չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել:
Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան ունևորության ցուցիչ:
Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ:
Արթիկի շրջանի որոշ գյուղերում երիտասարդ աղջիկները, կանայք կրել են սև ուլունքներով ոտքի ապարանջաններ, ըստ որում, քայլելիս դրանք անպատճառ երևացել են, հավանաբար չար ուժերին հարվածելու դիտավորությամբ: Հարք գավառում, Վասպուրականում կանայք կրել են եռանկյունաձև կամ կիսալուսնաձև կախիկներով վզնոցներ: Եռանկյունին և կիսալուսինը հանդես են եկել որպես կանացի սկզբի խորհրդանիշներ:
Զարդերի հատուկ խումբ են կազմում հմայիլ պահպանակները (աչքուլունք, հուռութք, բոժոժներ, խաչեր և այլն), որոնք կիրառվել են վնասաբեր ուժերի , չար աչքի դեմ, ինչպես նաև զանազան հիվանդություններ բուժելու նպատակով նախապես դրանք ենթարկելով հմայական աղոթքներով և ուղեկցող ծիսական արարողությունների:

