Մեկ ֆիլմի պատմություն․ «Գիքոր»՝ ֆիլմ, որը ստիպում է մտորել
Հայկական կինոյի պատմության մեջ կան ֆիլմեր, որոնք պարզապես չեն ծերանում։ Դրանցից մեկը 1982 թվականին նկարահանված Գիքոր ֆիլմն է, որը ստեղծվել է Հովհաննես Թումանյան-ի համանուն պատմվածքի հիման վրա։ Տասնամյակներ անց էլ այս ֆիլմը շարունակում է հուզել հանդիսատեսին՝ հիշեցնելով մանկության, կարոտի ու մարդկային դաժանության մասին պատմությունը։
Թումանյանի պատմությունը պարզ է, բայց խորը։ Գյուղացի Համբոն իր փոքրիկ որդուն՝ Գիքորին, բերում է քաղաք՝ հույսով, որ տղան «մարդ կդառնա» ու կօգնի ընտանիքին։ Սակայն քաղաքը փոքրիկ գյուղացի տղայի համար դառնում է օտար ու դաժան աշխարհ։ Սկզբում նա աշխատում է բազազ Արտեմի տանը, հետո՝ խանութում, բայց անփորձությունն ու միամտությունը նրան մշտապես խնդիրների մեջ են գցում։ Պատիժները, նվաստացումը և ամենից առաջ՝ հայրենի գյուղի կարոտը աստիճանաբար կոտրում են փոքրիկ տղային։
Ֆիլմը հիշվեց ոչ միայն իր պատմությամբ, այլև դերասանական ուժեղ կազմով։ Էկրանին հայտնվեցին հայկական կինոյի մեծանուն արտիստներ՝ Սոս Սարգսյան, Գալյա Նովենց, Արմեն Ջիգարխանյան։ Սակայն ֆիլմի ամենամեծ բացահայտումը դարձավ գլխավոր հերոսը՝ Գիքորը, որին մարմնավորեց ընդամենը 11-ամյա Ալբերտ Ղուլինյանը։
Նրա ընտրությունը գրեթե պատահական էր։ 1981 թվականին, երբ գյուղում երեխաների հետ խաղում էր դպրոցական ճամբարում, Երևանից եկած կինոգործիչները նկատեցին նրան։ Երբ փորձերի ժամանակ հարցրեցին՝ «ո՞ր դասարանում ես սովորում», տղան պատասխանեց՝ «մեր»։ Այդ պարզ ու անմիջական պատասխանը զվարճացրեց բոլորին, և փոքրիկ Ալբերտը հայտնվեց մեծ կինոյի կենտրոնում։
Ֆիլմի նկարահանումներն անցել են արագ․ շատ տեսարաններ նկարահանվել են առաջին փորձից։ Սակայն մի դրվագ երկար ժամանակ չէր ստացվում։ Խոսքը այն դրվագի մասին է, երբ Բազազ Արտեմի դերում հանդես եկող Ջիգարխանյանը պետք է ապտակեր փոքրիկ Գիքորին։
«Մի քանի օր տեւեց. Ջիգարխանյանի ձեռքը չէր գնում, որ ապտակեր ինձ, անգամ հայրս մոտեցավ նրան, խնդրեց՝ ապտակի ինձ, եւ վերջապես կարողանան ստանալ ֆիլմի այդ դրվագը, որն, ըստ ռեժիսորի, շատ կարեւոր էր։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել էին, մնացել էր միայն ապտակի հատվածը, բոլորն ասացին՝ գնամ եւ անձամբ խնդրեմ, որ ինձ հարվածի։ Գնացի եւ ասացի՝ «Պարո՛ն Ջիգարխանյան, խփի էլի, դե, հիմա մի սիլլա ա, կդիմանանք, էլի»։ Միայն թե այդ շրջանում ատամս ցավում էր, խնդրեցի, որ մյուս այտիս խփի, վերջապես նկարեցին այդ դրվագը, որից հետո նա ինձ մարզական համազգեստ եւ գնդակ նվիրեց», — պատմում է Ղուլինյանը։
Իսկ ֆիլմի ամենահուզիչ՝ վերջնական տեսարանը նկարահանվել է ընդամենը մեկ դուբլով։ Նկարահանող խումբը ապշել էր՝ տեսնելով, թե ինչպես է փոքրիկ դերասանը այդքան բնական փոխանցում իր կերպարի ցավն ու թուլությունը։
Գուցե հենց դրա մեջ է ֆիլմի գաղտնիքը․ պարզ պատմություն, անկեղծ դերասանական խաղ և մի կերպար, որի ճակատագիրը մինչև այսօր չի թողնում անտարբեր ոչ մեկին։ «Գիքոր»-ը ոչ միայն ֆիլմ է, այլ հիշեցում՝ մանկության փխրունության և մարդկային բարության կարևորության մասին։

