Հայ թենիսիստները նախապատրաստվում են Դևիսի գավաթի և Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկություններին
Հայաստանի թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։ Մեր ընտրանիները նախապատրաստվում են տարվա կարևորագույն մրցաշարերին, որոնք կկայանան առաջիկա ամսվա ընթացքում։
Տղամարդկանց հավաքական. Դևիսի գավաթը՝ Ծաղկաձորում
Տղամարդկանց հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ, ընդլայնված կազմով պատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին։ Հատկանշական է, որ մրցաշարը կանցկացվի հենց Հայաստանում՝ Ծաղկաձորում, հունիսի 16-20-ը։
Այս պահին հավաքականի կազմում մարզվում են Միքայել Ավետիսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Ավետիք Ղազարյանը, Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանն ու Սամվել Աղայանը։ Թիմի վերջնական կազմը հայտնի կդառնա մրցաշարի մեկնարկից օրեր առաջ։
Կանանց հավաքական. Մեկնարկը՝ Սան Մարինոյում
Կանանց թիմը՝ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, իր հերթին նախապատրաստվում է Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա Սան Մարինոյում։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ կանանց հավաքականի կազմը կհրապարակվի առաջիկա օրերին։
Մարզումային գործընթացին հետևել է նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը, ով ներկա է եղել հերթական մարզումային օրվան և ծանոթացել մարզիկների պատրաստվածությանը։ Մեր թենիսիստների համար այս հավաքը վճռորոշ նշանակություն ունի միջազգային ասպարեզում հաջող հանդես գալու համար։

